Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռադիոկայանի հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր»: Իր հայտարարության մեջ Խումարյանն ընդգծել է, որ վարչապետի հետ հարցազրույցը «կարող էր շատ ավելի լավ լինել»։
Նա շեշտել է, որ անցած շաբաթ Հանրային ռադիոյի տաղավարում առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ «Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց՝ «եկեք դադարենք հայ լինել»-ը»,- նշել է Խումարյանը:
«Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն»,- գրել է նա։ Խումարյանի խոսքով՝ առնվազն առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։
Նա ենթադրում է, որ այս ամենը կարող էր ժամանակ շահելու և ուժեղանալու համար մանևր լինել, բայց, միաժամանակ, հարց ուղղում, թե ինչպե՞ս ենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ «Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման, 2021-ին Իշխանասարում, 2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում, 2023-ին Արցախում զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները»,- հարցնում է գործադիր տնօրենը։
Խումարյանի խոսքով՝ շատ հեշտ է ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ «Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան»,- գրում է նա:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը հիշեցնում է 92-94 թվականները, երբ երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ՝ ոչ մի բանից հնարավոր է եղել բանակ ստանալ։ «Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ զրո էինք, ինչպես 91-92-ին»,- հարցնում է նա։
Խումարյանն ընդգծում է՝ Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ չենք կարող լինել սովորական երկիր:
Խումարյանը հարց է ուղղում, թե արդյոք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքե՞ր չեն Հռչակագրի, զինանշանի, օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։
«Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել»,- եզրափակել է Խումարյանը՝ ևս մեկ անգամ ներողություն խնդրելով հաղորդման համար, «որն, անկասկած, պիտի ավելի որակյալ լիներ»։
Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը «երբեք խաղաղություն չի ունենա», եթե երկրի քաղաքականությունն առաջնորդվի Անկախության հռչակագրի ուղերձներով՝ Հայկական ԽՍՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը վերամիավորելու որոշմամբ։ Նրա կարծիքով՝ եթե բանակն ուժեղացնենք հռչակագրի դրույթներն իրագործելու համար, այդ դեպքում Հայաստանի «հարևանները դաշինք են ձևավորելու՝ մեզ ոչնչացնելու համար»: