ՔՊ խմբակցության պատգամավորներն այսօր՝ մարտի 6-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հրավիրել են ԱԺ փակ հանդիպման՝ ԵՄ անդամության թեկնածու դառանալու համար դիմելու թեմայով, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը գրել է, որ իշխանական թևն արդեն «անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել», ինչի վերաբերյալ էլ լինելու են ՔՊ-ի հարցերը Գրիգորյանին։
«Գաղտնիք չէ, որ Գրիգորյանն այս իշխանության ամենաարևմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ»,- նշել է թերթը՝ հավելով, որ առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»:
«Հրապարակ» օրաթերթը նույնպես հայտնել է սպասվող հանդիպման մասին։ «ՔՊ-ականներին ընդամենն ասվել է, որ ժամը 15։00-ից լինեն խորհրդարանի շենքում»,- նշել է լրատվականը։
Մարտի 5-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար մտադիր է դիմել ամենաուշը մինչև աշուն։ Փետրվարի 29-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր Հայաստանի պատրաստակամությունը՝ դառնալու ԵՄ անդամակցության թեկնածու և հնարավորինս խորացնելու հարաբերությունները դաշինքի հետ։