Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ չեն խոսում, քանի որ նրանց հետ մարտի 18-ին կայացած
հանդիպմանը Փաշինյանը խոստացել է 10 օր անց վերադառնալ՝ լսելու վերջիններիս առաջարկները և կարծիքները,
հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով տավուշյան աղբյուրներին։
«Հենց այս պատճառով տավուշցիները, որոնց գրեթե 70 տոկոսը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են և հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Փաշինյանի խոստման իրագործմանը»,- գրել է թերթը։
Մարտի 12-ին Փաշինյանը չէր
բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը
տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը
հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա
հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։