Հայաստանի կառավարությունն ապրիլի 25-ի նիստում հաստատել է Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հյուպատոսության նստավայրը կլինի Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում։
«Գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը»,- ասված է նախագծում։
Նշվում է, որ ըստ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերությունները։
2022 թվականի հոկտեմբերին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել էր ԻՀՀ գլխավոր հյուպատոսությունը։