ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Al-Jazeera»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ վերահաստատելով, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները։
«Մի քանի խնդիր կա, օրինակ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը նույնպես քննարկման առարկա է: Այս համատեքստում կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն»,- նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները հիմնականում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ։
«Այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը՝ Հարավին։ Եթե դա իրականացվի, կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների»,- ասել է Միրզոյանը։
Ապրիլի 26-ին Հայաստանն ստացել էր խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ 9-րդ խմբագրությունը։
Հայկական կողմի առաջարկների մեջ է ներառված նաև ճանապարհների ապաշրջափակումը։ Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել և ապառազմականացնել սահմանը։ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և որ Երևանը պատրաստ է տալ համապատասխան երկարատև և անշրջելի երաշխիքներ ու ակնկալում է նույնատիպ երաշխիքներ Ադրբեջանից։