ԱՄՆ հայ համայնքի մեծամասնությունը հրաժարվել է մայիսի 6-11-ն աշխատանքային այցով իրենց երկրում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպել, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը «տապալել է Խաչատրյանի այցի նախապատրաստական աշխատանքները», ինչի պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը կապ է հաստատել համայնքների հետ։
«Մեր տեղեկություններով՝ իրավիճակն այնքան ամոթալի է, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից: Արդյունքում՝ հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը»,- գրել է թերթը։
Լրատվականը հայտնել է նաև, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի հետ նախագահը կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջևանել է:
«Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել»,- գրել է թերթը:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի, կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի և այլ հասարակական գործիչների հետ Խաչատուրյանի հանդիպումների մասին։