«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է առաջիկայում մեծ հանրահավաք հրավիրելու մասին։
«Վաղը երեկոյան ես օրն ու ժամը կասեմ։ Այն ամենաառանցքայինն է լինելու, կիմանաք մեր գործողությունների մասին»,- ասել է նա։
Բագրատ Սրբազանը շարունակել է հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ կայացել է հանդիպում «Հայրենիք» կուսակցության, Շանթ Հարությունյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և տարբեր մասնագիտությամբ մարդկանց հետ։
Նա նշել է, որ մայիսի 17-ին ԵՊՀ դիմաց դասախոսություն է կայանալու, ժամը 17։00-ին հանդիպում բժշկական համայնքի, ժամը 18։00-ին՝ շարժմանը միացած 100-ից ավելի մտավորականների հետ։ Տավուշի թեմի առաջնորդը նաև նշել է, որ առաջիկա օրերին նախատեսված է հանդիպում նախկին սպայական կազմի, տնտեսագետների, կրթության մասնագետների, մշակույթի գործիչների հետ։
Գալստանյանը նաև բոլոր քաղաքական ուժերին մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրել է հանդիպման։ Նա հավելել է, որ հանդիպման վայրը հայտարարությամբ կհայտնեն։
Նա նաև հայտնել է, որ Գառնիկ Դանիելյանը փոքր պատվիրակությամբ մեկնելու է Կիրանց՝ ժողովրդի մոտ լինելու համար։ Բնակիչները, ի նշան սահմանազատման հետ կապված բողոքի, փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը։
«Այնուհանդերձ՝ լուծումը Կիրանցում չէ»,- շեշտել է արքեպիսկոպոսը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։