Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը չի կարող հերքել այս կամ այն անձի՝ գործակալ լինել-չլինելու հանգամանքը։ Նա ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ ԱԱԾ-ն հերքել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «ԿԳԲ, Կրեմլի» գործակալ լինելու լուրը։
«Ո՞վ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը։ ԱԱԾ-ն ասել է՝ նման տեղեկություն չունեն: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել»,- ասել է Ալեքսանյանը։
Ըստ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԱԾ-ն հերքել է միայն արքեպիսկոպոսի՝ «ԱԱԾ գործակալ չլինելու» հանգամանքը։
«ԱԱԾ-ն հերքել է միայն իր գործակալը չլինելը, իսկ թե ում գործակալներն են՝ կճշտվի ապագայում»,- հավելել է Քոչարյանը։
Հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող տվյալները»։ Նա, մասնավորապես, լրագրողից պահանջել էր հերքել այն հայտարարությունը, թե «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, գումարներ է վատնել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, նաև ԿԳԲ-ի գործակալ է»։ «Փաստինֆո»-ին Դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ն հերքել է արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։