Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նրանց տվյալներով՝ ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չկա։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր բուժօգնության դիմած 30 անձի մասին։
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ բերման է ենթարկվել 86 անձ։
Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից 6 ոստիկան տեղափոխվել է տարբեր բուժկենտրոններ, 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը Armenia Today-ին հայտնել է, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումների հետ կապված կանչերը նոր են դադարել։ Նա հավելել է, որ տուժածների վերջնական թվի մասին դեռևս հստակություն չկա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԺ շենքի մոտ հավաք էր, որին զուգահեռ Ազգային ժողովում տեղի էր ունենում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից հետո շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։