«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարն ավելի մեծ թափով է շարունակելու, հունիսի 19-ին կայացած ասուլիսին հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Պայքարի վերադասավորման փուլում ենք։ Ներքին կազմակերպչական վերադասավորումներ են տեղի ունենում։ Մեր գործողություններն ավելի ներառական ու ընդգրկուն են դառնալու։ Պայքարի բովանդակությունը չի փոխվելու՝ պայքարելու ենք հայրենիքը հանձնելու դեմ։ Առաջիկա ամիսներին որևէ կերպ հրապարակը չենք լքելու»,- ասել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ շարժումը տարածվելու է ամբողջ Հայաստանով մեկ։
«Մենք պետք է օրակարգ թելադրող դառնանք։ Մեզ համար առաջին պահանջը շարունակում է մնալ կառավարության հրաժարականը»,- հավելել է նա։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ այս փուլում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են անցկացնում։
«Թե՛ մեծ, թե՛ փոքր կուսակցությունների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,- եզրափակել է նա։
Արքեպիսկոպոսը նաև մանրամասներ է հայտնել ապրիլի 26-ին Կիրանցում տեղի ունեցած բախումների մասին։
Բողոքի ակցիայի վայրում ապրիլի 26-ին իրավիճակը սրվել էր այն ժամանակ, երբ ցուցարարները հրաժարվել էին թույլ տալ գյուղ ժամանած մեքենաներին անցնել ճանապարհն ու հեռանալ։ Ըստ ցուցարարների՝ մեքենաների մեջ գտնվել էին սահմանագծման շրջանակներում քարտեզագրական չափումներ իրականացնող խմբի անդամներ։ Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ ոստիկանների և ցուցարարների բախման ժամանակ մեքենաներում գտնվող մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ դուրս էին եկել մեքենաներից։
Նա հայտնել է, որ ցուցարարները պահանջել են, որ մգեցված ավտոմեքենայի ուղևորները դուրս գան ավտոմեքենայից։ Նրա խոսքով՝ փոխարենը բերատավոր ոստիկաններին բերել են, որ ուժ կիրառեն, բայց գյուղացիները կարողացել են ինքնապաշտպանվել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։
Մանրամասները՝ տեսանյութերում։