«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 22-ին քաղաքական ժողովը նախատեսել է անցկացնել Ջերմուկում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ին հայտնի է դարձել նաև ժողովի օրակարգը։ Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, որով փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել:
«Հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Մարզային կառույցներ ժամանակին հիմնել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ենթադրվում է, որ նա Սարգսյանի պես մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները»,- գրել է թերթը։
Հունիսի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որի անցկացման վայրը, սակայն, գաղտնի են պահում։ Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՔՊ-ում տեղը գաղտնի են պահում, որ «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» չգնա ժողովի վայր, ակցիաներ չիրականացնի։