Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Լոռիում և Տավուշում մայիսի 25-26-ին ջրհեղեղից տուժած գյուղատնտեսներին, տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft):
Ըստ նախգծի՝ գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար կպահանջվի շուրջ 150 մլն դրամ։
Նշվում է, որ գյուղատնտեսական գործունեություն ծավալող գործարարների մոտ ջրհեղեղի հետևանքով առաջացել են ֆինանսական խնդիրներ՝ կապված կենդանիների կորստի, ինչպես նաև պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների ոչնչացվելու հետ։
Նախագծի համաձայն՝ փոխհատուցումը Ներքին գործերի նախարարությունը կտրամադրի Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ վերջինս՝ համայնքին։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։