ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը խոսել է պայքարի երկրորդ փուլի մասին (վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար-խմբ. )։
Պատգամավորի խոսքով՝ վարչապետի միակ հենարանն ուժային կառույցներն են։ Նա հայտարարել է, որ խոսել է շարժմանն աջակցություն ցուցաբերած անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ։
«Մի գաղտնիք բացեմ․ տարբեր միջոցառումների ժամանակ, ճանապարհին մեզ մոտենում են ոստիկանական համակարգի տարբեր չինովնիկներ և հարցնում՝ ե՞րբ եք այս հարցը լուծելու (Փաշինյանի հեռացումը-խմբ.): Բայց մեր չինովնիկները պետք է գիտակցեն, որ սա միայն մեր պայքարը չէ»,- նշել է Դանիելյանը։
Նա նշել է, որ իր տեղեկություններով՝ Կիրանց գյուղից դեպի վրացական սահման տանող ճանապարհի հատվածն արդեն փակվել է (Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումից հետո-խմբ.)։
«Տավուշի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում։ Արոտավայրերի, ցանքատարածությունների մի մասն անցել է թշնամուն, իսկ այն տարածքները, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, մարդկանց արգելում են մշակել»,- հայտնել է պատգամավորը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
ՀՀ կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։