Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում և կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։ Ըստ հաղորդագրության՝ նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 և 2020 թվականներին։
Միրզոյանը հուլիսի 9-10-ը մասնակցել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը նշել էին Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պատմական պայմանագրի» կնքման ուղղությամբ։