Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր:
«Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ։ Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը:
Նույն օրը՝ հուլիսի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։