Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին՝ հինգերորդ հանդիպմանը, քննարկել են Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի գործարկման հնարավորությունը, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից։
ԱԳՆ-ից հավելել են, որ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
«Կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»,- մանրամասնել են ԱԳՆ-ից։
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, հավելել են ԱԳՆ-ից։
«Նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ հուլիսի 30-ին հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հունիսի 18-ին քննարկել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցը։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշել էին սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Քըլըչը մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։