Այնպիսի զանգվածային սպանությունները, ինչպիսին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հարվածն էր Գազայի հատվածի դպրոցին, արդարացում չունեն, X սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ սարսափած է, երբ տեսել է շենքին հասցված հարվածի հետևանքների կադրերը։
«Վերջին շաբաթների ընթացքում հարձակումների թիրախ է դարձել առնվազն 10 դպրոց։ Այս զանգվածային սպանությունների համար արդարացում չկա»,- ընդգծել է Բորելը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գազայի դպրոցի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։