Արտախորհրդարանական ուժերը քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում, որոնց նպատակը նոր ընդդիմություն՝ կենտրոնամետ ուժ ձևավորելն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ խորհրդակցություններին մասնակցում են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Հայ ազգային կոնգրեսը», «Ապրելու երկիրը», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ինչպես նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Այդ քաղաքական ուժերի հաշվարկով առաջիկա ընտրություններին՝ լինեն հերթական, թե արտահերթ, կենտրոնամետ ուժը հաղթելու մեծ շանսեր կունենա, քանի որ չի ասոցացվի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Այս ուժն իր առջև խնդիր է դնելու պատռել Հայաստանի պսևդոարևմտամետների դիմակը»,-ասված է հրապարակման մեջ։
Թերթի աղբյուրները պատմել են, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։
Քաղաքական գործիչները թերթին հերքել են խորհրդակցությունների մասին տեղեկությունը։
Սեպտեմբերի 5-ին «Հրապարակը» գրել էր, որ Փաշինյանն իշխանական վերնախավի հետ Սևանի կառավարական ամառանոցում աշնանն ընդառաջ հավաք կանցկացնի՝ առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։