Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով՝ 13 հոդված և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողության իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ պայմանագրի ևս 3 հոդված, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի են համաձայնեցված․ այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ:
«Մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը հնարավորություն կտա շարունակել քննարկումները»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն կարող է գնալ նման լուծումների, և այդ առաջարկն արել է հրապարակային և պաշտոնապես:
«Ուզում եմ վերահաստատել առաջիկայում այն ստորագրելու մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը։ Ահա խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»,- շեշտել է վարչապետը:
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել էր, որ կնքման համար վերջին քայլերն են մնացել, սակայն չէր պարզաբանել, թե համաձայնագրի ո՞ր դրույթներն են քննարկվում և որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրն Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։