ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված առաջարկը, ըստ որի՝ պետք է մտածել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին:
Ըստ Զախարովայի՝ հնարավոր է, որ Սիմոնյանն ուշադիր չի լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսը (Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկում ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը-խմբ․) և առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը գնահատել Հայաստանի անվտանգության վրա ազդեցության տեսանկյունից։
«Տեսել եմ այդ լուրերը, տեսել եմ այդ ռեպլիկները, գուցե պարզապես Ալեն Ռոբերտովիչն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի ասուլիսին։ Մեր կարծիքով, եթե մենք մտածում ենք հանրապետության սահմաններում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարության մասին, ապա պետք է հաշվի առնել, թե սահմանի մերկացումն ինչպե՞ս կազդի երկրի անվտանգության վրա»,- եզրափակել է նա:
Զախարովան առաջարկել է այդ հարցն ուղղել ոչ թե փափուկ աթոռներով քաղաքական գործիչներին, այլ նրանց, ովքեր իսկապես հսկում են սահմանը։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, այդ թվում՝ սահմանային ծառայությունների ուղղությամբ, «նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների»:
«Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ ռուս սահմանապահները հայ զինակից եղբայրների հետ հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և իրենց գործով բազմիցս հաստատել են իրենց ներկայության պահանջվածությունը։ Մասնավորապես, թույլ չեն տվել հայկական սահմանն ապօրինի հատելու դեպքերը, կասեցրել են թմրանյութերի անցկացման փորձերը»,- նշել Է Զախարովան:
Զախարովան հիշեցրել է նաև Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ պայմանագրի մասին, որը կնքվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին և սահմանում է Հայաստանում ռուս սահմանապահների կարգավիճակը։ Նա մատնանշել է պայմանագրի անժամկետ բնույթի մասին։