«Համահայկական ճակատ» շարժումն ակցիա է իրականացրել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների մոտ՝ պահանջելով ազատ արձակել հայ գերիներին։ Շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանն ասել է, որ շարժման անունից նամակներ են փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի դեսպաններին, որոնց խնդրել են նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 համաժողովից առաջ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ գերիների հարցը լուծելու համար։
Ստեփանյանը հավելել է, որ մոտ 20 օր առաջ շարժման անունից նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի գրասենյակ՝ գերիների և անհայտ կորածների հարցով։
«Երբ սկսել ենք այս նախաձեռնությունը, հայտարարել ենք, որ հետևողական ենք լինելու։ Նամակները հանձնելուց մեկ շաբաթ անց երկու անգամ այցելել եմ ՄԱԿ-ի գրասենյակ: Երրորդ անգամ ինձ ընդունել են և տեղեկացրել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է զրուցել Բաքվի իր գործընկերոջ հետ և ներկայացրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և անհայտ կորածների ճակատագրի մասին։ Այնտեղից արձագանքել են, որ Բաքուն, իր հերթին, պահանջում է ի՛ր անհայտ կորածներին»,- պարզաբանել է շարժման համակարգողը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ղեկավարությունը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ պահանջելով հետաքննել հարյուրավոր հայ ռազմագերիների և անհայտ կորածների հարցը։
«ՄԱԿ-ի գրասենյակը հայտնել է, որ այս պահին բանակցություններ են վարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, և շուտով ինձ գրավոր կտեղեկացնեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի և ԿԽՄԿ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին»,- ընդգծել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ «Համահայկական ճակատն» ու համատեղ հուշագիր ստորագրած «Հայկանդուխտ ավանդապաշտ կուսակցությունը» նամակ են ուղարկել միջազգային կառույցին, որն զբաղվում է բացառապես անհայտ կորածների հարցերով։
«Մենք դիմեցինք Կարմեն Օսորնոյին՝ ակնկալելով Անհետ կորածների միջազգային կոմիտեի (ICMP) ակտիվ աջակցությունը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած մեր զավակներին գտնելու հարցում։ Այն անհետ կորածների հարցով եզակի կառույց է այն առումով, որ նրա ներկայացուցիչները կարող են այցելել Բաքվի պահման վայրեր և տեսնել, թե մեր տղաներից քանիսն են այնտեղ»,- ասել է շարժման համակարգողը՝ պարզաբանելով, որ շարժումը դիմել է Օսորնոյին ոչ միայն նրա պատասխանի, այլև կոնկրետ գործողությունների ակնկալիքով։
Ծնողները վկայել են, որ տղաները Բաքվում են՝ ողջ և առողջ, և այդ մասին գիտի ՄԻԵԴ-ը, ուր մոտ 80 տեսանյութ է ուղարկվել։
«Ուստի մենք սպասում ենք այս կառույցի՝ Անհետ կորածների միջազգային կոմիտեի արձագանքին»,- նշել է «Համահայկական ճակատի» համակարգողը։
Նա հավելել է, որ Հայաստանում իշխանական շրջանակները գերիների ընտանիքների խնդիրներից «ձեռքերը լվացրել են»։ Օսորնոյին ուղղված նամակում շարժումը հույս է հայտնել նրա և «Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի» ակտիվ աջակցության համար՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո անհետ կորածների որոնման գործում։
Շարժումը խնդրել է օգտագործել իր բոլոր լծակները, միջազգային կապերն ու լիազորությունները՝ Բաքվին ստիպելով բացահայտել անհայտ կորածների ճակատագիրը և անկախ դիտորդներ ապահովել նրանց կալանավորման հնարավոր վայրերից։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ուղղված դիմումում «Համահայկական ճակատը» խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29) անցկացնելու որոշման առնչությամբ։
Շարժումն իր մտահոգությունները հիմնավորել է նրանով, որ հայ բանտարկյալները շարունակում են անօրինական կերպով պահվել Ադրբեջանի բանտերում, իսկ հարյուրավոր կորածների ճակատագիրն անհայտ է, ինչը, ըստ շարժման, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների նորմերը։
Շարժումը կոչ է արել բարձրացնել այս հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և միջազգային այլ հարթակներում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի անհապաղ ազատ արձակեն հայ գերիներին և բացահայտեն անհայտ կորածների ճակատագիրը։
Շարժումը խնդրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին միջամտել և օգտագործել իր ազդեցությունը՝ հասնելու հայ գերիների անհապաղ ազատմանը, հարյուրավոր անհետ կորածների ճակատագրի լուծմանը և տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու համար։