Երևանի ավագանու պատվիրակության այցը Դոնբաս հայ-ռուսական հարաբերությունների իրական ոգու դրսևորում էր, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է այցի կարևորությունը հայ քաղաքական գործիչների և ուկրաինացի պաշտոնյաների հաճախակի դարձած շփումների ֆոնին։
Հայկական պատվիրակությունը՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ին հումանիտար այցով ժամանել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, այնուհետ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն։
«Սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին: Մենք ոչ միայն ողջունում ենք այս այցը, այլև այն համարում ենք խաղաղության գործում կարևոր ներդրում։ Համոզված ենք, որ պատվիրակության հանդիպումները Ռուսաստանի նոր շրջանների ղեկավարության հետ թույլ են տվել սեփական տպավորություն ստեղծել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ»,- ասել է Զախարովան: