«Քաղաքացիական պայմանագիր»-ը, հնարավոր է, ստորագրահավաք սկսի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՔՊ-ում կարծում են, որ Քյարամյանը պաշտոնն օգտագործում է «բացառապես անձնական շահերի համար», իսկ Ղազարյանին ՔՊ-ում համարում են «ոչ կոմպետենտ, թույլ պաշտոնյա, որը կառույցն ստվերային կառավարման է հանձնել սորոսականներին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը»։
Ըստ թերթի՝ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ «Առայժմ դոսիեներ հավաքելու փուլն է, ինչպես արել են Գրիգոր Մինասյանի դեպքում»,- նշել է թերթը:
Թերթի տեղեկությամբ՝ ՔՊ-ի համար տեղեկություններ հավաքելու ուղղությամբ կաշխատի ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, որը Փաշինյանի կադրն է և «պաշտոնի սրընթաց աճ է ունեցել՝ շնորհիվ նրան մատուցած անուրանալի ծառայությունների, և ԱԱԾ տնօրենի կամ ՔԿ նախագահի պաշտոնին է ձգտում»։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինասյանը հայտնել էր, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել էր Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել էր իր բոլոր խնդրանքները:
Մինասյանն Արդարադատության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։