ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կասկած է հայտնել Ադրբեջանի` խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության առթիվ։
«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, և մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական։ Այդ բոլոր հայտարարությունների նպատակն է մեզ շեղել մեր ռազմավարությունից»,- ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ պետք է լսել Ադրբեջանից հնչող հայտարարությունները, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմն Ադրբեջանի ամեն ասածից պետք է իր ռազմավարությունը փոխի։
«Մեր ռազմավարությունը չպետք է փոխվի, և մենք հետևողականորեն առաջ պիտի տանենք խաղաղության օրակարգը, պետք է մեզնից կախվածն անենք, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի։ Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու՝ անկախ նրանից՝ այդ հայտարարությունները կհնչեն Հայաստանի ներսի՞ց, թե՞ Հայաստանից դուրս գտնվող ուժերի կողմից,- նշել է նա։
Փաշինյանը մեկնաբանել է նաև խաղաղության պայմանագրի հոդվածները չհրապարակելը։ Նա ՀՀ իշխանությունների նկատմամբ Ադրբեջանի ոչ կոռեկտ բառապաշարը բացատրել է հավասարակշռությունից հանելու նպատակադրմամբ։
«Հոդվածների հրապարակումն այն կողմին, ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի նորմերը։ Մեր նկատմամբ ոչ կոռեկտությունը մի նպատակ ունի՝ մեզ հավասարակշռությունից հանել, մեր գործողությունները դնել իրենց տրամաբանության և իրենց նպատակադրումների ռելսերի վրա»,- ասել է նա։
Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ադրբեջանցիներին պետք է թույլ տրվի «վերադառնալ» հայկական տարածք, և որ Հայաստանի ռազմական զարգացումը «պետք է լինի պատասխանատու և համաչափ»: