Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված Վաշինգտոնի կողմից 20,6 միլիոն դոլարի հատկացումն «արևմտյան երկրների գործունեության ապակայունացնող բնույթի հաստատում» է անվանել։
«Անհնար է չտեսնել այդ միտումները, անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների փորձը, որտեղ արդեն նման փորձարկումներ են իրականացվել»,- ասել նա։
Զախարովայի խոսքով՝ նման «փորձարկումների» հետևանքներից կարող է խուսափել նա, ով «ժամանակավոր աշխատող չէ կամ քաղաքականության PR մարդ չէ» և վարում է ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի «բոյկոտը» ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Մենք ցավում ենք Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում իր գործունեության շարունակական սառեցման կամ բոյկոտի համար։ Պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարևոր և անհրաժեշտ։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը նույնքան օգտակար է անվտանգության, որքան տնտեսական ոլորտում, և որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի հետ այս երկու կառույցների միջև փոխգործակցության համար»,- նշել է նա։
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել էին Հայաստանի անվտանգության ամրապնդման համար 20,6 մլն դոլար հատկացնելու մասին։ Նույն օրը Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին 250 մլն դոլարի ֆինանսավորման ավելացմանը։