Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով GDH TV-ին։
Ուրալօղլուն նշել է, որ այդ հարցով սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, իսկ վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
«Կարծում եմ՝ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ կառուցվել են ադրբեջանական կողմի կարևոր հատվածները, շուտով կմեկնարկեն Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքները, իսկ Թուրքիայի կողմից 224 կմ-ի տենդերն անցկացրել են և հաջորդ տարի կսկսեն աշխատանքները։
Մայիսի 18-ին Ուրալօղլուն հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» հնարավոր կլինի լիարժեք շահագործել 2028-29թթ.։ Նա չէր բացառել, որ այդ միջանցքը կարող է անցնել Իրանի ու Հայաստանի տարածքով։ Փետրվարի 19-ին Ուրալօղլուն հայտնել էր, որ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» երկու տարբերակ է քննարկում, և եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան, 43 կմ երկարությամբ երթուղին կարող է անցնել նաև Իրանով։
Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։