Ստամբուլում տեղի ունեցած «3+3» ձևաչափով հանդիպմանն ընդունվել է համատեղ հռչակագիր, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը, Սեյեդ Աբբաս Արաղչին, Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը։
Հռչակագրում ընդգծվել է երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։
Հայաստանի արտգործնախարարը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու բացման տեխնիկական պահանջները։ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել էր նաև հարաբերությունների ամբողջական կարգավորման շուրջ երկխոսության շարունակությունը։
Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պայմանավորվել էին շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ։ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները վերահաստատել էին տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։