«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրներն ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։ Այս մասին ասվում է Թուրքիայում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ կոմյունիկեի մեջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հոկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը մասնացել էին Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը, Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Սեյեդ Աբբաս Արաղչին։
Կողմերը վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա հիմնված:
Հարթակի երկրները համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները: Կողմերը նաև արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
Հարթակի երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ Տարածաշրջանային երկրները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։
Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թեհրանում։ Ձևաչափը ենթադրում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու բացման տեխնիկական պահանջները։ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել էր հարաբերությունների ամբողջական կարգավորման շուրջ երկխոսության շարունակությունը։
Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել էին շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վերահաստատել էին տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին ու Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար։