ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, որոնց ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, տեղեկացնում է BBC-ն։
Համաշխարհային քաղաքական գործիչներն սկսել են արձագանքել Թրամփի հավանական հաղթանակին և ուրվագծել նրա հետ համագործակցության հեռանկարները: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլ քաղաքական գործիչներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի հաղթանակն անվանել է «պատմության մեջ ամենամեծ վերադարձը», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփը կօգնի արդարացիորեն ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը։
«Դա շարժում էր, որի նմանը ոչ ոք երբևէ չէր տեսել և, անկեղծ ասած, կարծում եմ, որ դա բոլոր ժամանակների ամենամեծ քաղաքական շարժումն էր», – ասել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցներին:
Նրա խոսքով՝ ամերիկացիներն իրեն աննախադեպ և հզոր մանդատ են տվել, որով նա «կօգնի երկրին ապաքինվել»։ Փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը Թրամփի քարոզարշավը որակել է որպես «պատմության մեջ ամենամեծ քաղաքական վերադարձ»։
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը հաղթում է բոլոր 7 «տատանվող» նահանգներում։ Ըստ Associated Press-ի՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում հաղթելուց հետո Թրամփն իր մրցակցի նկատմամբ 2 միավորի առավելություն ունի Ջորջիայում, 3 միավոր՝ Փենսիլվանիայում, 6 միավոր՝ Միչիգանում, 4 միավոր՝ Վիսկոնսինում և 4 միավորով՝ Նևադայում։
Ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հետ միաժամանակ։ Նախագահական ընտրություններում հաղթելու համար հարկավոր էր ստանալ Ընտրական կոլեգիայի ձայների կեսը՝ գումարած մեկ ձայն, այսինքն՝ 270 ձայն: Դեկտեմբերի 17-ին ընտրողները կքվեարկեն իրենց նահանգներում, որից հետո նրանց ձայները կներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսին՝ հաստատման համար։ Նախագահի երդմնակալությունը նշանակված է 2025 թվականի հունվարի 20-ին։
Հոկտեմբերի վերջին Թրամփը դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անգործության և Արցախից հայերի բռնի գաղթի համար։ Նոյեմբերի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հաստատել էր իր զորակցությունն արցախահայությանը։
Թուրքամետ զինյալները քրդական դաշինքից հետ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքը
Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքը՝ քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի...