Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մի շարք պաշտոնյաներ իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել, այդ մասին նա հայտնել է Facebook-յան գրառմամբ։
«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է նա։
Միեւնույն ժամանակ Փաշինյանը նրանց շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։
«Չեմ կարող ուրանալ մեր գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- եզրափակել է Փաշինյանը։
«Հրապարակ»-ը նոյեմբերի 17-ին հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ 24News-ը գրել էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը՝ ավելի ուշ, Հակակոռուպցոն կոմիտեի լրատվական բաժնից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել էր իրավապահ համակարգի աշխատանքից։
«Ո՞վ ա ում ձեռ առնում՝ ուզում եմ հասկանամ, սրա վերջը էկելա, ուղիղ եմ ուզում ասեմ, որովհետև էլ բան չունեմ տալու, էն ինչ ինձնից ուզել եք՝ տվել եմ. չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ, բայց չեմ կարա ես։ Կներեք՝ ուրեմն թույլ ա ուժային կառույցը»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը։