Հնդկաստանն սկսել է բարձր արդյունավետությամբ «Պինակա» հրթիռների մատակարարումը Հայաստան, հայտնել է Asian News International-ը (ANI)՝ վկայակոչելով պաշտպանության ոլորտի աղբյուրները։
Ըստ ANI գործակալության՝ «Պինակա» բազմակի արձակման հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն առաքվել է Հայաստան։ Հրթիռները մշակվել են Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից։ «Պինակա»-ն ունակ է խոցել ավելի քան 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։
Լրատվականը նշել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի և տեխնիկայի երեք խոշորագույն գնորդներից մեկն է։ Հնդկական ընկերությունների և Հայաստանի միջև հրթիռների մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո, ասված է զեկույցում։ Ըստ ANI-ի՝ այս զինատեսակային համակարգի ձեռքբերման հարցում հետաքրքրություն է ցուցաբերել նաև Ֆրանսիան։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով Armenia Today-ի հարցումն Asian News International-ի հրապարակման մասին, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց հնդկական հրթիռների մատակարարման մասին տեղեկությունը և կոչ արեց «հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունները»։
«Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ ՊՆ-ի՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև՝ իրավասու պաշտոնատար անձանց հայտարարությունները»,- նշեց Թորոսյանը։
Հնդկաստանի պաշտպանության հետազոտական թևը (IDRW) հուլիսին հայտնել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-25 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հնդկաստանից Հայաստանի զենքի ներմուծման ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել էր 244 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագիր։ 2023 թվականի օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 155 մմ տրամաչափի հրետանային առաջին վեց համակարգերը, որոնց փորձարկումն ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նոյեմբերի 12-ին The New Indian Express-ը հայտնել էր, որ Հայաստան էր ուղարկվել «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մարտկոցը։