Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին զարգացման նոր փուլ են թևակոխել, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ժամանդու Օրսիին Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվելու իր շնորհավորական ուղերձում։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Օրսիի պաշտոնավարման ընթացքում Ուրուգվայը շարունակելու է «անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով»:
Նա նշել է, որ Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը ևս զգալի դերակատարում ունի երկու պետությունների միջև փոխգործակցության խորացման գործում և համատեղ աշխատելու, երկկողմ օրակարգը հարստացնելու իր պատրաստակամությունն է հայտնել։ Վարչապետն Օրսիին հրավիրել է Հայաստան՝ պաշտոնական այցով:
Հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը որոշել էր ՀՀ դեսպանություն բացել Ուրուգվայում՝ աշխարհում առաջին երկրում, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը։
2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից՝ դեսպանատան մակարդակով։