Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու Մոսկվայի մտադրության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարևոր տեղ ենք հատկացնում տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցմանը «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածելու Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասել է նա «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումում։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան չի խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր բոլոր ուղղություններով խթանելուց: Նրա խոսքով, Ռուսաստանը նույնպես չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ստանձնած ռազմաքաղաքական պարտավորություններից և պատրաստ է Հարավային Կովկասի անվտանգության մասին «անկեղծ և առարկայական» զրույցի։
Միևնույն ժամանակ, Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Նա հավելել է, որ Երևանի հետ ռիթմիկ բազմակողմ երկխոսությունը չի դադարել՝ չնայած խնդրահարույց հարցերին։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
Պլատֆորմի առաջին հանդիպումը հինգ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել էր «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորումները և հայտարարել, որ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթաց ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերը։