Պատգամավոր Գեղամ Նազարյանը համաձայնել է դուրս գալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, հայտնում են խմբակցությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից, և նրա հետագա գործունեությունը խմբակցության կազմում այլևս անհնար է։
«Նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 27-ին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքը Նազարյանին կարող է խնդրել վայր դնել մանդատը։ Լրատվականի տեղեկությամբ՝ խմբակցությունը որոշել է քննարկման դնել Նազարյանի վարքը, քանի որ նա երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ։ Ըստ թերթի՝ երբ Նազարյանին հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, նա ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք», պատմել է թերթը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողներին հայտնել էր, որ խմբակցությունը քննարկելու է Նազարյանի դիրքորոշումը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցի՝ օրակարգում լինելու վերաբերյալ։