ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ի սզբանե ցանկացել է մինչև վերջ պաշտպանել իր թիմակից պատգամավոր Հովիկ Աղազարյանին, սակայն վարչության վերջին նիստում պատգամավորի պահվածքից հետո հազիվ է զսպել, որ անձամբ «չխեղդի» նրան։ Սիմոնյանը չի բացահայտել, թե ինչն է իրեն վրդովեցրել Աղազարյանի պահվածքում։
«Ամաչում եմ խոսել այդ մասին։ Շոկի մեջ եմ։ Անկեղծ եմ ուզում լինել։ Իմ խնդիրը կայանում էր նրանում, որ նա երեկ չէր զղջում, հասկանո՞ւմ եք։ Մի քանի դրվագի մասին է խոսքը։ Ուզում էի օգնել, բայց մարդը չի զղջում, ընդհակառակը, ավելի ագրեսիվ, հակառակվելով, չհասկանալով։ Ինձ մոտ և ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա նաև ադեկվատության հետ կապված»,- ասել է Սիմոնյանը՝ չբացահայտելով, թե ինչի մասին է խոսքը։
Սիմոնյանը հավելել է, որ կգա ժամանակը, և գուցե բացահայտվեն Աղազարյանի հետ կապված իրավիճակի մանրամասները, որը դրդել է կուսակիցներին հրաժարվել աշխատել կուսակցությունը լքած պատգամավորի հետ։ Նա խուսափել է մանրամաներ հաղորդել՝ պատճառաբանելով, որ կարող է քրեական գործ հարուցվել և կարգավիճակից ելնելով՝ պարտավոր է լռել։ Սիմոնյանը նաև նշել է, որ չի կարող պնդել, թե դիտավորություն կա՞ր Աղազարյանի գործողություններում։
«Չգիտեմ՝ դիտավորյալ է, դիտավորյալ չէ, ես չեմ կարող գնահատական տալ, նաև իմ կարգավիճակը դա թույլ չի տալիս: Ես գիտեմ՝ տարբեր քրեական գործեր կան, զգուշավորություն ունեմ և չեմ ուզում դրա մասին խոսել»,- ասել է նա։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրել էր պետական անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության արտահոսքեր կազմակերպելու մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։