ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառել, որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում քննարկում են «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի» հարցը։ Պատգամավորն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նոր պահանջների համատեքստում խաղաղության պայմանագրի նախագծի լրացուցիչ՝ 17-րդ կետի հայտնվելու վրա և հնարավոր է համարել, որ ադրբեջանցիների, այսպես կոչված, վերաբնակեցման հարցը կարող է լինել բանակցությունների օրակարգում:
Խաչատրյանի խոսքով՝ եթե սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանագրի նախագծում 16 կետ կա, ապա վերջերս դարձել է 17-րդ կետ (դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովին 17 կետի մասին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը-խմբ.):
«Մենք ասում էինք՝ որքան դուք (Հայաստանի իշխանությունները-խմբ.) կռանում եք Ադրբեջանի առաջ, այնքան Բաքուն ավելի շատ պահանջներ է ներկայացնում։ 17-րդ կետը ծլեց, վաղը կպարզվի, որ կա 18-րդ կետը, մյուս օրը՝ 19-րդ կետը»,- ասել է Խաչատրյանը։
Եզրակացությանը, ըստ որի՝ խաղաղության պայմանարի տեքստում կա նաև ադրբեջանցիների, այսպես կոչված, վերաբնակեցման հարցը, ըստ պատգամավորի, բխում է տեղեկատվական հոսքերը վերլուծելուց։
«Վերլուծելով տեղեկատվական հոսքերը՝ ձևավորվում է համոզմունք, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը, այո, կա բանակցություններում։ Ալիևը նույնիսկ ասել է, որ Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ են ապրել, նրանք պետք է վերադառնան այնտեղ։ Ակներև է, որ Կոնդը նկատի ունի։ Եթե Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաներն ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից 20 մետր հեռավորության վրա են, հավանաբար, ինքն էլ ուզում ավելի ապահով զգալ ու ցանկանում է, որ թուրքերն իր «դաչայից» 20 մետր հեռավորության վրա ապրեն»,- հավելել է պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն, իր հերթին, հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձի մասին կետ չկար այն ժամանակ, երբ խմբակցությունը խաղաղության պայմանագրի տեքստին ծանոթանալու հասանելիություն ուներ։
«Բառացի չենք կարող մեջբերել բովանդակությունը, բայց ակնհայտ էր, որ քննարկվում էր արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը, ինչն այս իշխանություններն ինչ-որ փուլում դուրս մղեցին բանակցությունների փաթեթից։ Կոնկրետ ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին ձևակերպված հարց չկար տեքստում, բայց հաշվի առնելով, թե որքան վաղուց մենք չենք ծանոթացել փաստաթղթին, իսկ դրանից հետո բավականին լուրջ գործընթացներ են տեղի ունեցել, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, որոնց թվում կարող է լինել նաև ադրբեջանցիների վերադարձի հարցը»,- նշել է Գրիգորյանը։
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին կոչ էր արել ընդունել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի բանակցությունների հրավերը՝ ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ»։ Բաքուն Հայաստանի տարածքներն անվանել էր «ադրբեջանցիների նախնիների հողեր» և հայերին մեղադրել իրենց «հազարամյա» ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
2023 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նրանց խոստացել էր «վերադառնալ» Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Ապրիլին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր 20-րդ դարում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձին» հասնելու ծրագրերի մասին։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում էսկալացիայի ռիսկը կապել էր դրա համար գաղափարական հիմքի ստեղծման հետ, որը «վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունն է։ Ըստ քաղաքագետի՝ Բաքուն այս հայեցակարգն օգտագործում է Հայաստանը հնարավորինս թուլացնելու իր փորձերի շրջանակում, և դա ուզում է անել հնարավորինս շուտ, քանի դեռ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։