Հայաստանը դադարել է վճարում կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջե, ինչի հետևանքով 2024 թվականի համար պարտք է գոյացել, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա նշել է, որ պարտքի մարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։
«Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ»,- ասել է Պանկինը։
Հայաստանի պարտքը, նրա խոսքով, «ինչ-որ գերբնական բան» չէ։
«ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել, նման դեպքեր ունեցել ենք»,- եզրափակել է Պանկինը։
Նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ի՝ Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին։ Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023թ․ բյուջեի կատարման քննարկմանը հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում Փաշինյանի հայտարարել էր, որ «Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս»։ Դեկտեմբերի 5-ին, մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի պարտադրում»։