Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Միջոցառման շրջանակում ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ՝ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն: Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Նշվում է, որ Փաշինյանը տիկնոջ հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հրավերով դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա։
Տաճարը հանդիսավորությամբ բացվել է հինգ տարվա վերականգնումից հետո, որն իրականացվել էր 2019 թվականի ապրիլին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այն վերականգնվել է ավելի քան հազար վարպետների կողմից, ամբողջ աշխարհի 150 երկրից տաճարի վերականգնման համար հավաքվել էր ավելի քան 880 մլն դոլար նվիրատվություն: Արարողությունից հետո Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիտը Մակրոնը, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի Ելիսեյան պալատում հանդիսավոր ընթրիք են կազմակերպել։