Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել, արբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել այն մասին, թե ինչպես կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունը»,- ասել է Գալուզինը։
Նա ընդգծել է աշխատանքային խմբի շրջանակում լուրջ արդյունքների հասնելու մասին։
«Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ արդեն լուրջ արդյունքների ենք հասել կարգավորման բազմաթիվ ուղիներում, որոնց թվում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է»,- հավելել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները։ Նա ընդգծել էր, որ «միջանցքի բացումը կախված է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից»։