Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը դեկտեմբերի 13-ին ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր առանձին հանդիպում չի նախատեսվում»,- ասել Է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Պուտինը Փաշինյանին հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:
Դեկտեմբերի 13-ին Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա, ուր իր նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Դեկտեմբերի 6-ին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, արձագանքելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավերի վերաբերյալ հարցին, Armenia Today-ին ասել էր, որ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։
2023 թվականի դեկտեմբերին Փաշինյանը մասնակցել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։