«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից դիմել է ժողովրդին ամանորյա ուղերձով և մաղթել հաղթանակին միտված դարձնել բոլորի իղձերի իրականացումը։
«2024 թվականի ընթացքում գտնվել ենք պայքարի բովում մեր պետության պետականության վերականգնման, պարտության, հուսահատության ճիրաններից դուրս գալու և այս ամենը հաղթանակի վերածելու համար։ 2024 թվականը մեզ համար նպատակամիտված էր մեր կյանքը դարձնել հաղթանակի շնորհներով զարդարված, մեր հերոսների հետ նույնանալու, մեր հերոսների հաղթանակն ու երազանքը նրանց վերադարձնելու պայքարի ժամանակահատվածի։
Այս վայրից է գալիս մեր բոլոր իրագործումների թե՛ ներշնչումը, թե՛ կամքը, թե՛ համառությունը, թե՛ օրհնությունը: Մեր հերսների հետ նույնանալու ժամն է այսօր, նաև լռության կոչ ունենք, կոչում ունենք այդ հաղթանակին միտված դարձնել բոլորիս իղձերի իրականացումը»,- ասել է բողոքի ակցիայի առաջնորդը։
Նա վստահեցրել է, որ իր ղեկավարած շարժման հայտարարած հաշտեցման, ճշմարտության և արդարության համար պայքարը չի դադարել։
«Մենք այս կռվից մեկ միլիմետր անգամ չենք շեղվել և չենք շեղվելու»,- եզրափակել է Գալստանյանը։
Հոկտեմբերի 30-ին «Սրբազան պայքար» շարժումը հայտարարել էր, որ Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Սեպտեմբերի 22-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ից ակտիվ պայքար են սկսելու։