Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում (ԵՄ), այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։
«Դա կախված է նրանից, թե ինչպիսի շեշտադրում կկատարի հայկական կողմը»,- հավելել է Պեսկովը։
Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր ԵԱՏՄ-ի առաջնահերթությունները Հայաստանի նախագահության ընթացքում, որոնք են տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտները, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ COVID-19-ի դրական թեստի պատճառով։ Նա նշել էր, որ դեկտեմբերի 23-ին դրական արդյունք է գրանցվել, դեկտեմբերի 25-ին թեստն արդեն բացասական էր, բայց գործընկերների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշել էր հրաժարվել գագաթնաժողովին մասնակցելուց։