Հայաստանը 2025 թվականի հունվարին կրկին առաջարկներ կներկայացնի Ռուսաստանին՝ հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ, ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 2024 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելեց, որ 2024 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին ռուս գործընկերներին ուղարկված Հայաստանի առաջարկներն արձագանք չեն ստացել։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման միջպետական համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականի դեկտեմբերին։
«Մեր առաջարկն է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում վերանայվեն մի քանի կետեր, որոնք խնդրահարույց են և հողի վրա որոշակի կոնկրետ խնդիրներ էին առաջացրել»,- պարզաբանեց Հայրապետյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանում անընդունելի հեռուստատեսային բովանդակություն չի գրանցվել այն բանից հետո, երբ 2024 թվականի գարնանը տեղական կարգավորիչը դադարեցրել էր հանրապետությունում մեկ ռուսական հաղորդումի հեռարձակումը (հեղինակային «Երեկո՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկո՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները՝ «RTR-Planeta»-ում»-խմբ.):
«Այդ հեռուստահաղորդումն արգելափակելուց հետո ունենք արձանագրված զրո դեպք, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող որևէ ռուսական կամ օտարերկրյա որևէ ալիքով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող, ՀՀ ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ որևէ հեռուստակոնտենտ արտադրված լինի»,- պարզաբանեց նախարարը։
2024 թվականի դեկտեմբերի 17-ին «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն ամբողջությամբ եթերազրկելու վերջնական որոշում ունեն։ Նույն օրն Armenia Today-ին ԲՏԱ նախարարությունից հայտնել էին, որ այդ պահին նշված թեմայով մեկնաբանություն չունեն։
Նույն տարվա ապրիլի 15-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանել էր ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը վերանայելը։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:
Իսկ մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։