Հունվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի պատճառը մարզպետի ռեպլիկն էր պատգամավորի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել Ղալումյանի ռեպլիկից հետո, և նա հարվածել է մարզպետին։ Նշվում է, որ կանայք միջամտել են ծեծկռտուքին և բաժանել տղամարդկանց։
Թերթի աղբյուրները հայտնել են, որ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Սարգսյանը սկսել է խոսել անտառահատումների մասին ու նշել, որ կոռուպցիոն սխեմա է տեսնում։ Նա ընդգծել է, որ անտառները չեն կանխում թե՛ նախարարը, թե՛ մարզպետը։
«Ղալումյանը հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար։ Նիստի ավարտից հետո նյարդերը տեղի են տվել, և Ղալումյանը նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգսյանի հոր հասցեին ռեպլիկներ է թողել։ Սարգսյանը 1996-2000 թվականներին կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չարաշահումների պատճառով»,- հավելել է թերթը։
«Հրապարակը» հավելել է, որ վեճը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
«Փաշինյանն ընդգծված պաշտպանել է Ղալումյանին, որը նաև իր քավորն է։ Վարչապետը մի քանի անգամ Սարգսյանին փորձել է բերել ավելի թիմային, կառուցողական դաշտ։ Սարգսյանը պնդել է, որ պետք է իրավապահներն զբաղվեն կատարվածով ու պատժեն մեղավորներին։ Փաշինյանը դուրս է եկել ափերից ու ասել՝ ուզածդ ի՞նչ է, որ բոլորին դատե՞նք»,- ասված է հրապարակման մեջ։
Հունվարի 10-ին Armlur.am հայտնել էր իշխող կուսակցության նիստում ՔՊ պատգամավորի և Տավուշի մարզպետի վիճաբանության մասին։