ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը և այն անվանել «ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ»։
ANCA-ն հիշեցրել է, որ փաստաթուղթը չունի պարտադիր դրույթների իրականացում։
«Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հավանական է, չկարողանան իրականացնել վեց օրից։ Հիմա՝ Արցախին (ԱՄՆ-ի աջակցությամբ – խմբ․) հասցված վնասից հետո, նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու»,- ասվում է Համբարյանի հայտարարությունում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չէր օգնել (44-օրյա պատերազմի և 2023թ. Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ – խմբ.), երբ «Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը»: Դրա փոխարեն՝ ԱՄՆ-ն ռազմական օգնություն էր ցուցաբերել Ադրբեջանին։
«Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրենը:
Համբարյանը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում:
Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։