Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ակցիաներ են անցկացվել Երևանում: Բողոքի ակցիաները տեղի են ունեցել հայ գերիների՝ հունվարի 17-ին նախատեսված դատավարության ֆոնին, որոնց թվում է նաև Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատելու պահանջով հունվարի 17-ի առաջին ակցիան տեղի է ունեցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, այնուհետ շարունակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ակցիայի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ միջազգային հանրությունն անգործության է մատնվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանությունները և Սփյուռքի կառույցները գերիներին ազատելու համար հստակ պահանջներ առաջ չեն քաշում։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի նման միջազգային կառույցներին անհրաժեշտ է համոզել այդ հարցը ներառել օրակարգում՝ «կենտրոնացնելով միջազգային ճնշումը»։
Պաշտոնական Երևանի գործողություններն այս ուղղությամբ Ստեփանյանն անբավարար է համարում։
«Յուրաքանչյուր նման ակցիայից հետո այդ թեման ավելի է ակտիվանում։ Միևնույն ժամանակ՝ հասկանում ենք, որ գործ ունենք բռնապետական, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ավտորիտար պետության հետ, որին այս հարցում համոզելու ջանքերն այս պահին արդյունավետ չեն։ Բայց սա չի նշանակում, որ պետք է անգործություն ցուցաբերել, ընդհակառակը՝ իրավապաշտպան համայնքը, Հայաստանի իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները պարտավոր են իրենց անելիքն անել»,- ընդգծել է Ստեփանյանը։
Մեկնաբանելով Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ Ստեփանյանը նշել է, որ այն փաստում է՝ դատավարություն կոչված գործընթացը որևէ կերպ չի կարելի իրավական համարել:
Ակցիայի մասնակից, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն արդյունավետ քաղաքական և իրավական միջոցներ չեն կիրառում հայ գերիներին վերադարձնելու համար:
«Այս պայմաններում հասարակությունն ինչ էլ անի, մեծ արդյունք չի լինի։ Մեր այս ակցիաներն ուղղված են նաև Հայաստանի իշխանություններին ճնշելուն, ցույց տալու, որ հանրային պահանջ կա և իրենք առավելագույնս պետք է տեր կանգնեն մեր պատանդներին»,- ասել է Բեգլարյանը։
Անդրադառնալով Վարդանյանի ուղերձին՝ Բեգլարյանն այն «շատ սպասված» է որակել։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմել է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ամոթանք տալով հայ գերիներին ազատելու հարցում անգործություն ցուցաբերելու համար։
«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամ երկրները պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք համակարգային ձևով անտեսվում են։ Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, որովհետև հենց այստեղ են իրենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ միջազգային մարդասիրական իրավունքը բոլոր երկրներին պարտադրում է դադարեցնել Ադրբեջանի լկտի գործողությունները։
«ՄԱԿ-ի ներկայացուցիչնե՛ր, ցույց տվեք ինձ մեկ որոշում, որով դուք ոչ միայն ինչ-որ կոչեր եք հնչեցնում, այլև հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցները»,- ընդգծել է նախկին ՄԻՊ-ը։
Կառավարության շենքի մոտ ի նշան հայ գերիներին սատարելու ակցիա է իրականացրել նաև ընդդիմադիր «Միասին» շարժումը: Շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելու են նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ասել, որ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից։
Շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հավելել է, որ եթե Փաշինյանը հայտարարի Մինսկի խմբի լուծարման մասին, ապա «բոլորս հանցագործ կդառնանք»։
«Ով գոնե մեկ անգամ այցելել է Արցախ, դա կնշանակի նա նրանց (Ադրբեջանի-խմբ․) սահմանն ապօրինի է հատել»,- պարզաբանել է նա:
«Միասին» շարժումն ակցիայի վերջում հանձնագիր է հանձնել ՀՀ կառավարությանը։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։