Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը տարակուսելի է համարել, որ դեռևս տարիներ առաջ հարուցված քրեական գործի հրապարակայնացումն ուղղակիորեն հաջորդել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը:
«Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։