Մեր ընթացքը շարունակվելու է, Հայոց բանակի ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ հրավիրած հավաքին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է անցնել պարտությունների շղթայով և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այդ ընթացքը։
«Մենք կորուստների ճանապարհով ենք անցել և շարունակում ենք անցնել։ Այդ շղթան չի դադարել, բայց հավատում եմ մեր հոգու վեր առկայծումին։ Անկախ բոլոր տեսակի խոսակցություններից, անկախ բոլոր տեսակի գնահատականներից ու դիտարկումներից՝ մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք դադարեցնել պարտության ընթացքը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք վերականգնել մեր տունը, մեր պատիվը, մեր ուրախությունը»,- ասել է նա։
Գալստանյանն ընդգծել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Բանակի օրը Հայաստանում նշում էին շքերթներով, իսկ հրապարակները լի էին զինվորականներով՝ սպաներով, զինվորներով։
«Այսօր ստիպված հավաքվել ենք դահլիճում, բայց պետք է նորից հրապարակներ վերադառնանք, ինչը պոչ թե ցանկություն, այլ ճշմարտություն։ 2025-ին մեր բանակը և պետությունը չպետք է առանց գերագույն գլխավոր հրամանատարության մնան»,- հավելել է նա։
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ Պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: