Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ, հայազգի Գարո Փայլանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում հնարավոր է Թուրքիայից և Ադրբեջանից ցորեն ու գազ մատակարարել Հայաստան։
Factor TV-ին նա հայտնել է, որ Հայաստանի ցորենի 95%-ը և գազի 75%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Փայլանի խոսքով՝ «այսքան կախված լինելը լավ բան չէ»։
«Այսպիսի կախվածություններ կան, պետք է փոքր-ինչ փոխվի։ Եթե այս պայմանագիրն ստորագրենք, գալիք տարիներին գազի 40%-ը կարող ենք Ադրբեջանից գնել, 30%-ը՝ Իրանից կամ 40%-ը՝ Ռուսաստանից։ Ցորենի 40%-ը Թուրքիայից կամ այլ երկրներից կարող ենք գնել։ Պետք է անկախ լինենք»,- ասել է նա։
Փայլանը նշել է, որ սահմանի բացումից պետք է Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը շահ ունենան։ Հայազգի գործչի խոսքով՝ սահմանը բացելու դեպքում երկու կողմից զբոսաշրջիկների հոսքի աճ կլինի, կզարգանան թուրքական սահմանամերձ քաղաքները։
Հունվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ Փայլանի, Յուջին Ռումերի և Թոմաս դե Վաալի հետ քննարկել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, սահմանազատումը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները և այդ համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։