Հայոց ցեղասպանության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարող են նոր ու անիմաստ վեճերի դուռ բացել, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Նրա խոսքով՝ «նման մոտեցումները, ինչպես ժողովրդն է ասում, օտարի ջաղացին ջուր են լցնում»։
«Զարմանում ենք․ Հայաստանի վարչապետը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հարցադրումներ է կատարում նրա ներքին ու արտաքին պատճառների ու հետևանքների վերաբերյալ, և իր այս մոտեցմամբ, փաստորեն, քննարկելի է դարձնում Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելու անհերքելի փաստը»,- ասել է նա:
Արամ Ա-ն, ակնարկելով վարչապետի կողմից Հայոց ցեղասպանության մասին կատարված հարցադրումները, շեշտել է, որ Ցեղասպանության քննությունը պատմաբաններին հանձնելու առաջարկը Թուրքիայի գաղափարն է, որը հայերի համար անընդունելի է։
«Հայոց ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելը վիճելի և քննելի նյութ չէ, նույնիսկ պետություններ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ են հաստատել դրա հեղինակի ով լինելը»,- ընդգծել է կաթողիկոսը:
Արամ Ա-ն կոչ է արել աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում զերծ մնալ հայկական շրջանակներում նոր ճեղքեր առաջացնող մտածումներից ու մոտեցումներից և համախմբվել համահայկական օրակարգի շուրջ։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։